Սիրիայի դեսպան․ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ

Սիրիայի դեսպան․ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ։ Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:

Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը։ Այս իմաստով խորհրդարանի փոխխոսնակը կարևորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Սիրիայի համագործակցությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը։ Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը։ Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման ծավալների ավելացմանը։ Ընդգծվել է սիրիահայերի մեծ դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել։

Հայաստանը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում մասնավորապես «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---