ՀՀ-ում 200 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

ՀՀ-ում 200 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի։ Նոյեմբերի 26-ին ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Մասդար» ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր։ Ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։

Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն դոլար։

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և «Մասդարի» գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։

Կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը: «Մասդար» ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել հուլիսին, ներկայացրել է 0.0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար:

«Մասդարի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլեւ Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է Մասդար ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ «Այգ -1» արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատ աշխատանքի սկիզբ կդրվի և նոր ծրագրեր կիրականացվեն»,-ասել է Գնել Սանոսյանը։

«Մասդարի» գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին ասել է. «Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Անհամբեր սպասում ենք ԱՆԻՖ-ի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»:

ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ «Մասդարը» Հայաստանի էներգահամակարգի աստիճանական դեկարբոնիզացիայի ճանապարհին կարևոր գործընկեր է:

«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---