Շվեյցարիան մոտ 7 մլն ֆրանկ կուղղի ՀՀ-ում գյուղատնտեսական կրթության համակարգի թարմացմանը

Շվեյցարիան մոտ 7 մլն ֆրանկ կուղղի ՀՀ-ում գյուղատնտեսական կրթության համակարգի թարմացմանը

PanARMENIAN.Net - Շվեյցարիան դեկտեմբերի 3-ին մեկնարկում է երկարաժամկետ զարգացման նախագիծ՝ աջակցելու Հայաստանին գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի արդիականացմանն ուղղված իր ջանքերին: Շվեյցարական զարգացման համագործակցության գործակալությունը սկզբունքորեն հաստատել է Հայաստանին 7,130,000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով աջակցության նախագիծը:

Այն կիրականացվի Սյունիքի հարավային շրջաններում և Վայոց Ձորում, ինչպես նաև ՀՀ հյուսիսային հատված մի շարք շրջաններում։

Նախագիծը մեկնարկում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 9 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլով, որին կհաջորդի իրականացման փուլը և այն կտևի առնվազն 8 տարի։

Ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը բարեփոխել մասնագիտական կրթությունը գյուղատնտեսության ոլորտում և այն համապատասխանեցնել շուկայի պահանջներին: Նախագծի նպատակն է բարելավել գյուղական վայրերում ապրող երիտասարդների զբաղվածության հնարավորություններ: Բարեփոխումների մաս է կազմում այն, որ ուսանողները, մասնագիտական կրթության հաստատություններում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ, հնարավորություն են ստանում կատարելագործել իրենց հմտությունները տեղական ընկերություններում և ֆերմերային տնտեսություն-ներում: Նրանց ուսումնական ուղին կամփոփվի պետական նմուշի դիպլոմների ստացմամբ։

Ֆինանսավորող մյուս գործընկերները, որոնք զգալի միջոցներ են ավելացնում Շվեյցարիայի ներդրմանը, ներառում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Հայկական Իզմիրլյան հիմնադրամը և հայաստանյան այլ մասնավոր ընկերություններ։ Այս ներդրումներից որոշները ենթակա են վերջնական հաստատման:

Իրականացնող կազմակերպություններն են շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

Նախագիծը կիրականացվի գյուղական վայրերում տնտեսական զարգացման և դուալ կրթության համակարգի վերաբերյալ Շվեյցարիայի տեխնիկական փորձի կիրառմամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---