7 դեկտեմբերի 2021 - 14:41 AMT
Զբոսաշրջիկներն Անիի ավերակներում կշրջեն էլեկտրական կառքով

Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներում կիրականացվի էլեկտրական կառքով (ֆայտոն), որը շահագործման է հանձնվել։

«Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով մոտ 100 հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները»,-գրում է Ermenihaber-ը։

Էլեկտրական կառքով շրջայցը տևում է 45 րոպե և այն նախատեսված է միաժամանակ 5 ուղևորի համար։

Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք ՅՈւՆեՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։

Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն: