ՄԻՊ-ի, Սահակյանի և Զեյնալյանի հայտարարությունը․ Գերիների մասին պաշտոնյաների խոսքերը խոչընդոտում են իրավապաշտպան աշխատանքին

ՄԻՊ-ի, Սահակյանի և Զեյնալյանի հայտարարությունը․ Գերիների մասին պաշտոնյաների խոսքերը խոչընդոտում են իրավապաշտպան աշխատանքին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հրապարակված տեսանյութի առնչությամբ:

Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում են զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ այդ ամենն Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս հայ գերիների իրավունքների:

«Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար»,- ասվում է հայտարարությունում։

«Դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին:

Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը:

Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝

1․ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին: Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։

2. Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։ Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։

3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։ Դրա փոխարեն համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք , որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում։ Միաժամանակ, համատեղ արտահերթ հրապարակային Զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։

4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։ Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։

5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։

Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքները տեսանյութ են հրապարակել Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա, անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է վերջիններիս զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։

«Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։

Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։

Ավելի ուշ համացանցում է հայտնվել մեկ այլ, ավելի ամբողջական տեսանյութ, ուր լսվում է, ինչպես է Սիմոնյանն ասում՝ «եթե ես գերիների պատճառով պիտի Սյունիք, Սիսիան կորցնեմ, կներես, սխալ բան եմ ասում, համարում եմ, որ նրանք արդեն չկան»։ Շարունակելով, նա ասում է, որ, այնուամենայնիվ, իշխանությունն հետ է բերելու գերիներին ու նշում, որ ողջ երկիրը չի կարող հարցին պատանդ դառնալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---