Բադասյանն Իրանի մաքսային ծառայության ղեկավարին Մեղրիում է դիմավորել․ Շրջել են անցակետում

Բադասյանն Իրանի մաքսային ծառայության ղեկավարին Մեղրիում է դիմավորել․ Շրջել են անցակետում

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Բադասյանը և Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Իրանի մաքսային ծառայության ղեկավարին ներկայացվել են սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին:

Կողմերը քննարկել են տեղեկատվության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, ինչպես նաև փաստել են Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի առանձնազրույցը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---