Օհանյան․ 2018-ից հետո որևէ խոշոր զորավարժություն չեմ տեսել

Օհանյան․ 2018-ից հետո որևէ խոշոր զորավարժություն չեմ տեսել

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Զինված ուժերի պատրաստության մակարդակին, ասել է, որ 2018-ից հետո որևէ խոշոր զորավարժություն չի տեսել։

Պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե հնարավոր չէ՞ր 2018-ի մայիսի դրությամբ ունենալ ավելի ունակ, ավելի պատրաստված ԶՈւ, որը կկարողանար դիմակայել մարտահրավերներին՝ Օհանյանն ասել է, որ հնարավոր էր, սակայն, միշտ ցանկություններն ավելին են եղել, քան պետության հնարավորությունները։

«Հնարավորությունները եղել են այնքան, որքանով Հայաստանի պետբյուջեն ու գործընկերների ռազմատեխնիկական ու ռազմավարական հարաբերությունների շրջանակում հնարավորություն է եղել Զինված ուժերը համալրել, բայց նաև այդպիսի համալրման շրջանակում բավականին բարձր է եղել և՛ Զինված ուժերի պատրաստության մակարդակը, և՛ Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը, մարտական ոգին», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Պատգամավորի խոսքով՝ բանակում բավականին միջոցառումներ է իրականացվել բացասական ուղղությամբ, որը բանակի, դրա կարգապահության ու պատրաստության մակարդակներն իջեցրել են։

«2018 թվականից հետո ես չեմ տեսել խոշոր որևէ զորավարժություն, որ Զինված ուժերի ղեկավարությունը կամ պետությունը իրականացնի։ Դուք տեսե՞լ եք որևիցե մի պաշտոնյա՝ սկսած գերագույն հրամանատարից, ինչպես հակառակորդի գերագույն հրամանատարն է, հագնի Զինված ուժերի համազգեստն ու գնա մարտական գործողությունների վայր, չեմ տեսել, ինչ-որ ձկնորսների համազգեստ են մտցրել, դրանով իսկ կարգապահության մակարդակը... այլ բառեր չեմ ուզում օգտագործել», - ասել է պաշտպանության նախկին նախարարը։

Օհանյանն ընդգծել է՝ ամենակարևոր խնդիրն այս մեկ տարվա ընթացքում, որ պետք է իրականացվեր ու չի արվել, այն է, որ պետք էր պետության մեջ բոլոր ոլորտների ռազմավարական վերանայում անել։

«ՊՆ-ում չի իրականացվել, խոսում ենք բարեփոխումների մասին, բայց այդ պլանը չկա բանակում», - ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---