Ավտոբուսային որոշ երթուղիներ չեն աշխատում․ Վարորդներն աշխատավարձի բարձրացում են պահանջում

Ավտոբուսային որոշ երթուղիներ չեն աշխատում․ Վարորդներն աշխատավարձի բարձրացում են պահանջում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի առավոտից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները հանդիպում են պահանջում քաղաքապետի հետ։

Կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են։

Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես՝ աշխատավարձի բարձրացում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) մոտ 260,000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

«Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։

Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ»,-ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նշվում է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն այս պահին աշխատանք են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Դեկտեմբերի 12-ից Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի: Այդ ավտոբուսներում պետք է նախապես վճարել՝ 100 դրամը գցելով վճարման սարքի մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---