ՄԻՊ․ Որոշ պաշտոնյաներ ուղիղ պահանջել են դադարեցնել հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով

ՄԻՊ․ Որոշ պաշտոնյաներ ուղիղ պահանջել են դադարեցնել հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով

PanARMENIAN.Net - Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արձագանքելով ԱԺ-ում իշխող ուժի անդամների պնդումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՄԻՊ պաշտոնում մինչև հիմա իր պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքի դրսևորումը, այլ իր հաստատակամությունը և հավատարմությունը երդմանը։

Նա նշել է նաև, որ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ուղիղ պահանջներ են ներկայացրել` դադարեցնել կամ էականորեն նվազեցնել հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով։

«Ստիպված եմ արձագանքել արդեն տևական ժամանակ և դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի կառավարող խմբակցության մի շարք պատգամավորների կողմից տարբեր հրապարակային հարցազրույցներով ու ելույթներով արվող պնդումների, որոնցով փորձ է արվում տպավորություն ստեղծել կամ ցույց տալ, թե մինչև հիմա իմ պաշտոնավարումն իրենց «հանդուրժողականության» արդյունքն է:

Ավելին, նշվում է, թե կառավարող խմբակցությունը երբևէ գնահատական չի տվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում։

Պատասխանատու հայտարարում եմ, որ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ընթացքում՝ հատկապես պատերազմից հետո եղել են օրենքով արգելված ներգործության ամենատարբեր ձևերը՝ սկսած հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով դադարեցնելու կամ այն էականորեն նվազեցնելու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կողմից ներկայացված պահանջներից մինչև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեքենաները մեր հնարավորությունները թուլացնելու նպատակով Կառավարության որոշմամբ վերցնելը, ֆինանսական անկախությունը վերացնելուն ուղղված հետևողական փորձերը ու Պաշտպանի դեմ, կատարվող աշխատանքը վարկաբեկող կազմակերպված արշավներ, այդ թվում՝ գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։

Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել և չեմ պատրաստվում ներկայանալ զոհի կարգավիճակով և կատարել եմ բացառապես իրավապաշտպան աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով»,-ասվում է գրառման մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցի քննարկման ժամանակ, պնդել է, թե իր թիմից որևէ մեկը գնահատական չի տվել գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի գործունեությանը։ «Արձանագրենք, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարում է ամբողջ ժամկետում, ըստ էության, մենք բնականոն ընթացակարգով ընտրում ենք նոր ՄԻՊ»,- ասել է Վարդանյանը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղզար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե Թաթոյանի հայտարարությունները քաղաքական բնույթի են և մի քանի ամիս անց իրենք իրենց ՄԻՊ թեկնածուին կներկայացնեն։ Գրիգորյանն ասել էր նաև, որ Թաթոյանից «երբևէ չի տեսել անաչառ հայտարարություն»։ ԱԺ նախորդ գումարման ՔՊ խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Արման Թաթոյանի աշխատանքում քաղաքական երանգավորում կա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---