ԱՆ․ ՀՀ-ում գրիպով հիվանդացությունը 2020-ի համեմատ 2 անգամ բարձր է

ԱՆ․ ՀՀ-ում գրիպով հիվանդացությունը 2020-ի համեմատ  2 անգամ բարձր է

PanARMENIAN.Net - Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։ Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 2․2 անգամ, իսկ 2020-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։ Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է՝ մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում։

Վերջին 4 շաբաթվա ընթացքում լաբորատոր հաստատվել է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք, որից 30-ը՝ հղիների շրջանում։

Սուր շնչառական վարակներով, չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե´ք եղանակին համահունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները անվճար են, կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---