«Ապագա» հիմնադրամն ամփոփել է 2021-ն ու ներկայացրել 2022-ի ծրագրերը

«Ապագա» հիմնադրամն ամփոփել է 2021-ն  ու ներկայացրել 2022-ի ծրագրերը

PanARMENIAN.Net - «Ապագա» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում իրագործված ծրագրերը և ներկայացրել 2022 թվականի գործունեության հիմնական ուղղությունները: Միջոցառմանը հետևել է Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկը») երկու գործողությամբ բալետային ներկայացման երկար սպասված պրեմիերան։

«Ապագա» հիմնադրամն առանձնանում է նրանով, որ շահառուներին տալիս է նոր հմտություններ, անհրաժեշտ գործիքներ, ներգրավում է շահառուներին արդյունք ստեղծելու շղթայում և օգնում իրացնել ստեղծված արդյունքը: Այս համապարփակ և երկարաժամկետ լուծումների միջոցով այն օգնում է դուրս գալ «աղքատության մտածելակերպից»:

2021 թվականի ընթացքում Հիմնադրամն աշխատել է Երևանում և մարզերում բնակվող 100 շահառու ընտանիքի հետ։ Դառնալով «Ապագա» հիմնադրամի շահառու, ծրագրի մասնակիցները մասնագիտանում են որևէ ոլորտում, ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, ստանում մասնագիտական որակավորում և մեր օգնությամբ անցնում են աշխատանքի կամ հիմնում իրենց փոքր բիզնեսը։ Հարկ է նշել, որ գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի շահառուներին հիմնադրամը օգնում է ոչ միայն հիմնել փոքր տնտեսությունն, այլ օգնում է ամբողջությամբ վաճառել ստեղծված արտադրանքը:

Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը, հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել շահառուների կյանքի որակը։ Իրականացված ծրագրերի շրջանակում մենք կարողանում ենք հնարավորությունների նոր ճանապարհ բացել, որտեղ ոչ միայն լուծվում է զբաղվածության հարցը, այլ առհասարակ վերաիմաստավորվում է մարդու կյանքը, քանի որ վերականգնվում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և մարդն իրեն հասարակության լիարժեք անդամ է զգում։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքները ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթում նշել է «Ապագա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տաթև Այրումյանը։

2022-ին «Ապագա» հիմնադրամը շարունակելու է իրականացնել դրական ու համոզիչ արդյունքներ ապահոված իր բոլոր ծրագրերը՝ ընդարձակելով աշխարհագրությունը, գործունեության ոլորտները և ներառված ընտանքիների քանակը:

Հիմնադրամի գաղափարներին ու մոտեցումներին վստահում են բազմաթիվ գործընկերներ, որոնց շրջանակներում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և իրենց ոլորտի առաջատար մասնագետներ։ Գործընկերների հետ ուղղորդված և համատեղ ջանքերի արդյունքում է նաև հնարավոր դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։

«Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, այդ թվում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ընտանիքներին ու զինհաշմանդամներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---