Փաշինյան․ ԼՂ ադրբեջանական բնակչության իրավունքներից խոսելու նպատակը տեղահանված արցախցիների` Արցախում բնակվելու իրավունքը պաշտպանելն է27 դեկտեմբերի 2021 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադառնալով դեկտեմբերի 24-ի իր առցանց ասուլիսի արձագանքներին, գրել է, որ դրան հետևած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ: Ըստ նրա, այդ կեղծիքների արձանագրումը չափազանց կարևոր է. «1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդեն որպես ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչության մաս՝ արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայկական կողմը դեռևս 2007 թվականից ընդունել է որպես բանակցությունների հիմք: Բարեբախտաբար, թե դժբախտաբար չենք կարող ասել, թե Հայաստանի կամ Արցախի որևէ քաղաքական գործիչ դրանից տեղյակ չի եղել, որովհետև Մադրիդյան սկզբունքները շատ վաղուց, դեռ իմ վարչապետ դառնալուց առաջ հրապարակված են համացանցում: Այստեղից հարց է ծագում, ինչու՞ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդվզել սրա դեմ: 2. Հիշում եք, որ նոյեմբերի 9-ից հետո թեմա ծագեց, թե եղել է հնարավորություն 44-օրյա պատերազմը կանգնեցնել ԼՂԻՄ-ի ժամանակ Շուշիում բնակված ադրբեջանցիների և/կամ նրանց ընտանիքի անդամների՝ Շուշի վերադառնալու իրավունքը երաշխավորելու դիմաց: Այսօրվա նույն շրջանակները 2020-ի աշնանը ասում էին, թե այդպիսով Շուշին հայկական պահելու շանս է եղել և ես չեմ գնացել դրան, ինչին հակադարձեցի, թե ԼՂԻՄ-ում Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցի է եղել, ո՞նց եք պատկերացնում 90 տոկոսով ադրբեջանցի բնակչությամբ հայկական բնակավայր: Էդ ժամանակ էլ ինձ մեղադրեցին, թե ասում եմ, թե Շուշին հայկական չէ: Հիմա այդ նույն մարդիկ ինչու՞ են նեղսրտած, երբ խոսվում է մինչև իմ վարչապետ դառնալը գոյություն ունեցած բանակցային բովանդակության մասին: 2020-ի աշնանը նրանք կողմ էին Շուշիում ապրած ադրբեջանցիների վերադարձին, հիմա դե՞մ: 2007-ին կողմ էին հիմա դե՞մ: 3. Հիմա էլ անընդհատ կրկնում են, որ միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի ժողովրդին: Ո՞վ է վիճում: Սա իմ կարևորագույն թեզերից մեկն է՝ 2018-ից ի վեր: Այլ հարց է ծագում. այդ նույն մարդիկ ինչու ծպտուն չէին հանում, երբ 1998 թվականին Ռ. Քոչարյանի ձեռամբ Արցախը հեռացվում էր բանակցային գործընթացից: Բայց հիմա էլ հանկարծ չմտածեք, թե նրանք ուզում են Արցախը բանակցային սեղան վերադարձնել, նրանք ուզում են Հայաստանը հեռացնել բանակցային սեղանից: Հազիվ առիթ է, մի գաղտնիք բացեմ: Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ինձ մեղադրում են, թե ես վարչապետ դառնալուց հետո միջնորդներից պահանջել եմ ԼՂ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ինչով իբր վատացրել եմ մեր բանակցային վիճակը: Սերժ Սարգսյանը ինքն էլ 2016 թվականին միջնորդներից պահանջել է անմիջապես ԼՂ-ին ներգրավել բանակցային գործընթացի մեջ: Դրանո՞վ է վատացրել մեր բանակցային դիրքերը: Ի դեպ, այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, որ Արցախի ապագա կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն նույն համամասնությամբ, ինչ համամասնությամբ ապրել են 1988 թվականին ԼՂԻՄ-ում: Ինչու՞ է սա արել, որովհետև հասկացել է, որ բանակցային բովանդակության տրամաբանությամբ այդ ենթադրվող հանրաքվեի պահին, որը կարող է տեղի ունենալ 100 տարի անց, ադրբեջանցիները ԼՂ-ում կարող են մեծամասնություն լինել: Իսկ կարողացե՞լ է լուծել այս խնդիրը: Իհարկե ոչ և այս է պատճառը, որ 2018-ի ապրիլին բարձրաձայնել է բանակցային գործընթացի անհույս վիճակի, կանգնած լինելու և վերահաս պատերազմի մասին: 4. Մեր իրականության մեջ հայտնի շրջանակների պրոպագանդան մի թյուրիմացություն է ներարկել, թե «ԼՂ վերջնական կարգավիճակ», «ինքնորոշում» տերմինները անպայմանորեն նշանակում է ԼՂ անկախություն: Սա իհարկե այդպես չէ, որովհետև ինքնավար մարզն էլ է կարգավիճակ, շրջանն էլ է կարգավիճակ, անկախությունն էլ է կարգավիճակ: Իմ ժառանգած բանակցային բովանդակությունը հստակեցնու՞մ է այս հարցերը, հստակեցնու՞մ է, թե կարգավիճակ ասելով ինչ է նկատի առնվում: Իհարկե ոչ: Հայկական կողմը միշտ հպարտացել է այն դրույթով, թե ԼՂ կարգավիճակի ճշգրտման պոտենցիալ հանրաքվեի դրվող հարցը կամ հարցերը չպիտի ունենան ձևակերպման որևէ սահմանափակում և կարող են ենթադրել ցանկացած կարգավիճակ: Ցանկացած կարգավիճակ, այո, կարող է նշանակել անկախություն, բայց ցանկացած կարգավիճակ կարող է նշանակել նաև մարզ՝ Ադրբեջանի կազմում: Եթե սրան գումարենք այն, որ բանակցային բովանդակությունը չի կոնկրետացնում, թե հանրաքվեն ո՞ր տարածքում պետք է տեղի ունենա, չի կոնկրետացնում, թե ո՞վ պետք է ձևակերպի հանրաքվեի դրվող հարցը, ստացվում է, որ ըստ իմ ժառանգած բանակցային բովանդակության, հանրաքվեի կարող էր դրվել նաև հետևյալ հարցը՝ համաձա՞յն եք, որ ԼՂ-ն լինի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Բանակցային բովանդակությունը չի պարզաբանում նաև, թե եթե մարդիկ քվեարկում են «ոչ», ի՞նչ է դա նշանակում. անկախությու՞ն, թե 0 կարգավիճակ: Ի դեպ, քննարկումների ծիրում կա նաև մի շատ լեգիտիմ հարց: Ի՞նչ նպատակ ունի հիմա խոսել բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին»: Ըստ վարչապետի, նպատակը մեկն է՝ պաշտպանել 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիների՝ Արցախում հայկական իրավազորության ներքո բնակվելու իրավունքը: «Բայց սա բանակցային մարտավարության հարց է և հետագա քննարկումների խնդիր»,-գրել է նա: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններին, դրանք առնվազն տարակուսելի էր համարել։ Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի շրջանակում վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |