Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպանը 10 լեզվի է տիրապետում

Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպանը 10 լեզվի է տիրապետում

PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպան Արման Հակոբյանը հայերենից բացի ևս 9 լեզվի է տիրապետում՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, պարտուգալերեն, լատիներեն, արամեերեն և ղպտիերեն։

Արման Հակոբյանը փորձառու դիվանագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Նա ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։

Հակոբյանը 1991-1992թթ․ եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր արևելքի բաժնի երրորդ քարտուղարը, 1992-1995թթ՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։

1995-1997թթ․ նա ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի առաջին քարտուղար, արտաքին քաղաքականության ծրագրավորման խմբի անդամ էր, 1997-1999թթ․՝ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետ, ԱԳՆ ատեստացիոն հանձնաժողովի անդամ։

Հակոբյանը նաև միջազգային կազմակերպություններում աշխատանքի հարուստ փորձ ունի։ 1999-2002թթ․ Հակոբյանը ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական է եղել, արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2002-2006թթ․ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ։

2002թ. նա Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչն էր։

2006-2011թթ․ Հակոբյանը եղել է Կանադայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Կանադայում ՀՀ գործերի հավատարմատար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Մոնրեալ), 2011-2020թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ։

Արման Հակոբյանը 2020-2021թթ. կատարել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայրը՝ Բրազիլիա) պարտականությունները։ Համատեղության կարով նա եղել է նաև Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։

Հակոբյանը նաև մի քանի գիտական աշխատություն է հեղինակել՝ «Արդի եբրայերեն» «Դասական ասորերեն», «Արամեագիտության և ասորագիտության ներածություն»։ Նա նաև դասագրքերի, մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը (նստավայրը՝ Թել Ավիվ)։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---