Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի հարակից դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի հարակից դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինուժը հունվարի 8-ի առավոտյան կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը` հավելելով, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակոցները լռեցվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին, այնքան հեռվից չէին, որ չլսվեին։ Մոտավորապես Վերին Շորժայի աջ հատվածի կողմում էր։ Կրակոցի ձայները սարերից արձագանքում է, դժվար է որոշել` ինչ տրամաչափի զենքեր են, որտեղից են։ Համենայնդեպս, նրանց մեկի փոխարեն մենք տասը կրակել ենք»,– ասել է Երանոսյանը։

Համայնքի ղեկավարը հայտնել է, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Ադրբեջանական կողմի մասին տեղեկություններ չկան։

Երանոսյանը նշել է, որ սահմանապահ հենակետերը գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա են տեղակայված։

Վերջին անգամ գյուղում կրակոցներ լսվել են Ամանորի գիշերը, համայնքի ղեկավարի խոսքով` դարձյալ հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում հակառակորդը լռել է։

Սահմանամերձ Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանն ու Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը Sputnik Արմենիային հայտնել են, որ իրենց գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---