ՄԻՊ․ Շուշիի մոտ ադրբեջանցիները հրազեն են ուղղել, քարով հարվածել ՀՀ բնակչի մեքենային, որում կինը և 3 տարեկան երեխան էին

ՄԻՊ․ Շուշիի մոտ ադրբեջանցիները հրազեն են ուղղել, քարով հարվածել ՀՀ բնակչի մեքենային, որում կինը և 3 տարեկան երեխան էին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաններում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային:

Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը:

Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200,000 դրամից ավելի վնաս: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, ով վարել է մեքենան:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը:

Այս միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինի:

Նրանց ներկայությունն ինքնին իրական ոտնահարում է քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները: Սա ապացուցվում է հենց այս միջադեպով ու ավելին՝ մեքենայի մեջ եղել է նաև երեխա։ Ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Նման միջադեպեր պարբերաբար են գրանցվում»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ի այս հետևությունը հիմնավորվում է նաև հունվարի 10-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներով, որոնք վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Այս փաստերը հաստատել են Արցախից պաշտոնական հաղորդագրություններով:

Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին՝ կապված ադրբեջանական հանցավոր արարքների և նրանց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---