14 հունվարի 2022 - 13:29 AMT
ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում են․ Ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Մոսկվայում են՝ նրանք ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Հունվարի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, ասել է, որ Մոսկվան չի մասնակցելու Երևանի և Անկարայի բանակցություններին։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ սատարում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ Արմենպրեսի հետ զրույցում ընդգծել էր, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։