14 հունվարի 2022 - 17:22 AMT
Bentley-ի պատմության հերթական ռեկորդային տարին. Բրենդի մեքենաներն աննախադեպ պահանջարկ ունեին

Bentley Motors ընկերությունը ներկայացնում է 2021 թվականի վաճառքի ծավալի վերաբերյալ տվյալները։ Հաճախորդներին ամբողջ աշխարհում փոխանցվել է 14,659 ավտոմեքենա, ինչը 31%-ով գերազանցում է 2020-ին գրանցված ռեկորդը (11,206 ավտոմեքենա)։ Այդ նվաճումը հնարավոր է դարձել Bentley Beyond100 ռազմավարության շրջանակում ներկայացված նոր մոդելների, արտադրանքի նոր շարքի և Bentley հիբրիդային մոդելների աճող պահանջարկի շնորհիվ, որի նպատակն է ամբողջական էլեկտրականացումը մինչև 2030 թվականը։

Ըստ 2021-ի արդյունքների, աշխարհում վաճառքների 40%-ն ապահովել է Bentayga մոդելը, 33%-ը՝ Continental GT-ն, Bentley-ի շքեղ Grand Tourer-ը (60%-ը՝ կուպեն, 40%-ը՝ կաբրիոլետը)։ Ակնկալվում է, որ 2022-ին հիբրիդային տարբերակի թողարկմանը զուգահեռ Flying Spur մոդելի վաճառքի ծավալը կաճի՝ ընդհանուր վաճառքի ծավալի 27%-ից։

Bentley Motors-ի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Էդրիան Հոլմարքը նշում է․ «Այս տարին հերթական անկանխատեսելի շրջանն էր մեր պատմության մեջ։ Սակայն, ուրախ եմ հայտնելու, որ մենք հաղթահարել ենք բոլոր փորձությունները և հասել վաճառքի աննախադեպ ցուցանիշների։ Վերջին շրջանում սա երկրորդ ռեկորդային տարին է, ինչը վկայում է բրենդի ամուր դիրքերի, մշտական որակյալ օպերացիոն աշխատանքի, պահանջարկի գլոբալ աճի և մեր ռազմավարական գերակայությունների ամրապնդման մասին»։

Տարվա արդյունքները՝ ըստ տարածաշրջանների

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում վաճառվել է 4212 ավտոմեքենա, ինչը 39%-ով ավելի է 2020-ի ցուցանիշից, երբ իրացվել էր 3035 մեքենա։ Այս շուկան ամենաարդյունավետն է Bentley-ի համար, ինչին մեծապես նպաստել են Continental GT Speed-ի թողարկումը և Flying Spur-ի վաճառքն ամբողջ տարվա ընթացքում։

Երկրորդ տարին անընդմեջ Bentley-ի վաճառքի ակտիվ աճ է գրանցվում Չինաստանում։ Այստեղ վաճառվել է 4033 մեքենա՝ 40%-ով ավելի, քան նախորդ տարում (2880 մեքենա)։ Այդ շուկայում առավելագույն պահանջարկ ունեն Flying Spur-ի և Bentayga-ի չորս դռնանի մոդելները։

Եվրոպայում վաճառվել է 2520 մեքենա՝ 2020 թվականի 2193-ի դիմաց։ Այդպիսով, վաճառքն աճել է 15%-ով և աճը հավասարապես բաշխվել է բոլոր մոդելային շարքերի միջև։

Հայրենիքում՝ Միացյալ Թագավորությունում, Bentley ընկերությունն ավանդական բարձ ցուցանիշներ է գրանցել և փոխանցել հաճախորդներին 1328 ավտոմեքենա, ինչը 14%-ով ավելի է, քան նախորդ տարի։

2021 թվականին Bentley ընկերությունը 915 ավտոմեքենա է առաքել Մերձավոր Արևելք (2020-ին՝ 735)։

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցվում է վաճառքի ռեկորդային աճ՝ 37%-ով։ Ընդհանուր առմամբ, 2021-ին այստեղ վաճառվել է 1651 ավտոմեքենա՝ 2020-ի 1203-ի դիմաց։ 2021-ը Bentley-ն ավարտել է 240 դիլերային կենտրոնով 67 երկրում։