Նեյչո Վելիչկով. Ինտերնետ ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում

PanARMENIAN.Net - Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի`ապրանքանիշը` Beeline գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը եւ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը հուշագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որով նախատեսվում է կողմերի համագործակցություն տեխնոլոգիական, ծառայությունների եւ սոցիալական ոլորտներում:



«Մեր այսօրվա հանդիպումը չի նահանջում այն դիրքերից, որ մեր ընկերությունը զբաղեցնում է եւ դեռ երկար տարիների կզբաղեցնի, քանի որ մեր ներդրումներն ուղղված են նոր աշխատատեղերի ստեղծմանը, շրջանների ու երկրի զարգացմանը»,-ասել է Վելիչկովը երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, նոր ծրագիրը հստակ ուղղվածություն ունի ինչպես ժամանակի, այնպես էլ իրագործման ժամկետների առումով:



Ըստ Վելիչկովի, գյուղացիությունը ցանկացած հանրության հենքն է, եւ ընկերության համար մեծ պատիվ է հուշագիր ստորագրել համագործակցության մասին ֆերմերների միության հետ: «Սա նման նախաձեռնությունների սկիզբն է միայն, մենք կզարգանանք երկրի ողջ տարածքում, որտեղ կան ֆերմերների միության անդամներ»,-ասել է նա: Նա նաեւ հավելել է, որ նախատեսվում է մինչեւ ամռան ավարտը տրամադրել ոչ միայն ինտերնետ ծառայություններ, այլ նաեւ շարժական եւ ֆիքսված կապ: «Մենք ջանում ենք առավելապես թափանցել այնտեղ, որտեղ մեզ հաճախորդ է սպասում»,-ասել է նա:



Իր հերթին Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը նշել է, որ համաշխարհային ճգնաժամը հասել է նաեւ գյուղական բնակչին: «Սա լավ քայլ է ճգնաժամի հաղթահարման համար` առաջարկել գյուղական բնակչին այնպիսի կապ, որը կթեթեւացնի նրա առօրյա կյանքն ու կմիացնի ինտերնետին»,-ասել է նա:



Ինչպես հաղորդել է Բերբերյանը, վերջին 10 տարիներին ինտերնետ կապը գյուղեր հասցնելու երկու փորձ է եղել նույնիսկ պետական մակարդակով, սակայն դրանք անհաջող են եղել: «Այժմ իրական հնարավորություն կա մինչ աշնան ավարտը, օգտվելով մատչելի կապից, շփվել գյուղական շրջանների բնակիչների հետ Շիրակից մինչեւ Գորիս ու Սիսիան»,-ասել է նա: Այսօրվա դրությամբ, ըստ նախագահի, գյուղական բնակիչը հնարավորություն կունենա օգտագործել միջազգային կապը իր համար մատչելի գներով:



Բերբերյանը տեղեկացրել է նաեւ, որ գյուղերում կստեղծվեն ինտերնետ ակումբներ, որտեղ կկազմակերպվեն ինտերնետ կապից օգտվելու ուսուցման դասընթացներ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---