ՀՀ նախագահն ԱՄԷ-ում պայմանավորվել է ևս մեկ 200 ՄՎտ արևային էլեկտրակայանի կառուցման մասին

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում պայմանավորվել է ևս մեկ 200 ՄՎտ արևային էլեկտրակայանի կառուցման մասին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնվող էներգետիկայի ոլորտում ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ:

Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,-ասել է նա։

Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:

«Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում 2021-ի հունիսին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---