ՀՀ ԱԳՆ․ Սահմանազատման հարցում նախապայմաններ չունենք, խոսքը պայմանավորվածությունների մասին է

ՀՀ ԱԳՆ․ Սահմանազատման հարցում նախապայմաններ չունենք, խոսքը պայմանավորվածությունների մասին է

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերին, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում, հայտարարել է, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է «Արմենպրեսը»։

Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված ՀՀ առաջարկներին, հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում:

«Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:

Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների», - հայտարարել է Հունանյանը։

Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարևոր տարր։

Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանային իրավիճակի դեէսկալացիային ուղղված առաջարկների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին, ինչպես նաև ՌԴ միջնորդությամբ՝ Ադրբեջանին։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---