21 հունվարի 2022 - 15:17 AMT
ՌԴ ԱԳՆ․ Սահմանազատումը թույլ կտա առաջընթացի հասնել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում

Առաջխաղացումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում թույլ կտա առաջընթացի հասնել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատասխանները ԶԼՄ-ների հարցերին։

Նշվում է, որ Մոսկվան ելնում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առաջնային խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այդ ուղղություններով առաջընթացի գրանցումը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել ՀՀ և Ադրբեջանի միջր սահմանզատման աշխատանքները։

«Մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղղությամբ, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ զենքի կիրառմամբ միջադեպեր են տեղի ունենում, կան մարդկային զոհեր: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը ՝ հետագա սահմանագծմամբ։ Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այդ գործընթացում»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է գերիների հայրենադարձմանը։

«2020-ի դեկտեմբերի 2-ից ի վեր ուս խաղաղապահների միջնորդությամբ հայրենադարձվել է ընդհանուր առմամբ 146 պահվող անձ` 127–ը` հայկական կողմին, 19–ը` ադրբեջանական»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ բոլոր արտաքին դերակատարները, որոնք ցանկանում են միանալ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, պետք է առաջնորդվեն կողմերի շահերով և հաշվի առնեն ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ եռակողմ պայմանավորվածությունները։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթը Բաքվին ներկայացրել են գրավոր և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։ Նա ասել է, որ փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասնել է Գրիգորյանը։