Նախարար․ Covid-19-ով վարակումները կաճեն՝ «օմիկրոնն» ակտիվ շրջանառվում է

Նախարար․ Covid-19-ով վարակումները կաճեն՝ «օմիկրոնն» ակտիվ շրջանառվում է

PanARMENIAN.Net - Ամանորից հետո Հայաստանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ, ինչը կապված է «օմիկրոն» շտամի շրջանառության հետ, որը Հայաստանում ակտիվ շրջանառվող շտամ է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ամբողջ աշխարհում հիվանդացության կտրուկ աճ է գրանցվում, ուստի Հայաստանն էլ այդ ընթացքից դժվար թե խուսափի»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նախարարը հավելել է, որ ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում չնայած պատվաստումների բարձր ցուցանիշին և օմիկրոն շտամի տարածվելիության բարձր ցուցանիշին, հոսպիտալացման և մահացության ցուցանիշները ցածր են, այսինքն, պատվաստված մարդիկ վարակը մեղմ են տանում։

«Անցած շաբաթ հիվանդացության թվերն անընդհատ աճում էին, այս շաբաթ էլ ակնկալում ենք, որ աճ կգրանցենք, որովհետև օմիկրոնի վերարտադրողականության ցուցանիշը բարձր է։ Նախորդ տասնչորս օրերի դինամիկան վերլուծելով՝ առաջիկայում ունենալու ենք թվերի աճ»,- ասել է Ավանեսյանը։

«Օմիկրոն» շտամը, ինչպես ասել է նախարարը, ընդհանուր հիվանդացության մեջ բավականին տոկոս է կազմում․ «Փորձանմուշներից տասից չորսը կամ հինգից երկուսը լինում է օմիկրոն»։

Չպատվաստվածների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ նախարարն ասել է, որ այս պահին իրականացնում են հաշվարկներ՝ թե նման քաղաքականության ներդրման դեպքում մեկ քաղաքացու բուժումն ինչ կարժենա։

«Ավարտուն պատկեր չունենք, երբ կավարտվեն քննարկումները, կձևավորվի միասնական կարծիք, կտեղեկացնենք»,-ասել է նա։

Հունվարի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ երրորդ (բուսթեր) դեղաչափով պատվաստվել է 5650 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1,825,382 քաղաքացի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափը ստացել է 999,891 քաղաքացի, երկրորդ` 819,841 քաղաքացի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---