ՅՈւՆԻՍԵՖ. Կրթությանը հասցված վնասի ծավալները գրեթե անհաղթահարելի են

ՅՈւՆԻՍԵՖ. Կրթությանը հասցված վնասի ծավալները գրեթե անհաղթահարելի են

PanARMENIAN.Net - Կրթության միջազգային օրվան ընդառաջ և Covid-19 համավարակի երկրորդ տարվա սահմանագծին ՅՈւՆԻՍԵՖ-ը հրապարակել է երեխաների կրթության վրա համավարակի ազդեցության վերաբերյալ վերջին հասանելի տվյալները՝ նշելով, որ ավելի քան 635 միլիոն սովորող դեռևս տուժում է դպրոցների լրիվ կամ մասնակի փակ լինելու պատճառով:

«Մարտին լրանում է համաշխարհային կրթության ոլորտում կորոնավիրուսային համավարակի պատճառով խափանումների երկու տարին։ Այլ կերպ ասած՝ մեր առջև երեխաների ուսուցման բացթողումների գրեթե անհաղթահարելի ծավալներ ունենք»,- նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի կրթության գծով ղեկավար Ռոբերտ Ջենկինսը:

Նշվում է, որ երեխաները կորցրել են թվաբանության և տառաճանաչության հիմնական հմտությունները:

«Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցների փակման հետևանքով ուսուցման բացթողումները հանգեցրել են նրան, որ 10 տարեկան երեխաների մինչև 70 տոկոսը չի կարողանում կարդալ կամ հասկանալ պարզ տեքստեր: Այս ցուցանիշը 53 տոկոսով բարձր է մինչև համավարակը գրանցված ցուցանիշից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ում ուսուցման բացթողումներ են գրանցվել շատ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Թենեսիում, Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում, Վիրջինիայում և Մերիլենդում:

Բրազիլիայի մի քանի նահանգում 2-րդ դասարանցի 4 երեխայից 3-ը չունի բավարար գիտելիքներ ընթերցանությունից ՝ համեմատած մինչև համավարակը գրանցված 2-ից 1-ը ցուցանիշի հետ: Բրազիլիայում 10-15 տարեկան 10 աշակերտից 1-ը հայտնել է, որ չի պատրաստվում վերադառնալու դպրոց, երբ իրենց դպրոցները վերաբացվեն:

Հարավային Աֆրիկայում դպրոցականները 75 տոկոսով և մինչև մեկ լրիվ ուսումնական տարի հետ են մնում նախատեսված կրթական մակարդակից: Ըստ տեղեկությունների՝ 2020-ի մարտից մինչև 2021-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում 400,000-500,000 աշակերտ ընդհանրապես դուրս է մնացել դպրոցից:

Նշվում է նաև, որ բացի ուսուցման բացթողումներից՝ դպրոցների փակումն ազդել է երեխաների հոգեկան առողջության վրա, նվազեցրել սնուցման հասանելիության մակարդակն ու մեծացրել չարաշահումների ռիսկը:

Աշխարհում ավելի քան 370 միլիոն երեխա զրկվել է դպրոցական սննդից դպրոցների փակման ընթացքում՝ կորցնելով այն, ինչը որոշ երեխաների համար ամենօրյա սնուցման միակ հուսալի աղբյուրն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---