Նախարար․ Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ կա

Նախարար․ Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ է նկատվում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հավելել է՝ դրական է այն, որ հիվանդների միայն 6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ինչպես «օմիկրոնի» առանձնահատկություններով, այնպես էլ պատվաստումների քանակի աճով։ Նա նշել է, որ պատվաստվածները հիվանդությունը տանում են թեթև կամ առանց ախտանիշների։

Ավանեսյանն ասել է, որ առաջին դեղաչափ արդեն ստացել է քաղաքացիների ավելի քան 45 տոկոսը, երկրորդը` 37 տոկոսը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, բոլոր տեսակի պատվաստանյութերով։ Ինչ վերաբերում է Pfizer-ին, ըստ նախարարի, այն առաջիկայում կհասնի Հայաստան։

Նախարարը նշել է, որ պատվաստվում են հիմնականում 35-60 տարեկանները, իսկ 65-ից բարձր անձանց շրջանում այդ ցուցանիշը 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է:

Նա նշել է, որ 12-17 տարեկանների շրջանում առաջին դեղաչափով պատվաստվել է 1675 հոգի, 2-րդ դեղաչափով պատվաստվել է 1000 հոգի:

Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք, հունվարի 26-ին՝ 1931 նոր դեպք, հունվարի 25-ին՝ 1332, իսկ հունվարի 24-ին՝ 688 նոր դեպք կար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---