ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են ՌԴ առաջարկներին․ Դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են ՌԴ առաջարկներին․ Դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր հիմնարար սկզբունքներն ունի, որոնք պատրաստ է պաշտպանել, որոնց թվում է նաև Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև դաշնակիցներ ընտրելու յուրաքանչյուր երկրի իրավունքը, գրում է Meduza-ն։

«Մենք բաց ենք երկխոսության համար և գերադասում ենք դիվանագիտությունը, սակայն Ռուսաստանը պետք է ապասրացման գնա։ ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է վարում։ Մեր դիրքորոշումը համաձայնեցված է դաշնակիցների և Ուկրաինայի հետ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, թող Ռուսաստանը որոշի։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մեր պատասխանի տեքստը չենք հրապարակում, քանի որ կարծում ենք, որ կոնֆիդենցիալ բանակցություններ են հարկավոր։ Հուսով ենք՝ Ռուսաստանն էլ է այդպես կարծում»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանը ՌԴ-ին թույլ տվեց առավել մանրամասն ներկայացնել Մոսկվային ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկները, մասնավորապես՝ հրթիռների տեղակայման մասով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հուսով ենք, որ ՌԴ-ն պատրաստ կլինի հետագա երկխոսության և մենք կկարողանանք ամրապնդել և ՆԱՏՕ-ի, և Ռուսաստանի անվտանգությունը»,-ասել է նա։

Ռուսաստանը պահանջել է ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։

Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---