Փաշինյան․ Ունենալու ենք պրոֆեսիոնալ բանակ՝ գնում ենք բարեփոխումների ճանապարհով

Փաշինյան․ Ունենալու ենք պրոֆեսիոնալ բանակ՝ գնում ենք  բարեփոխումների ճանապարհով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ և բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը լինելու է կառավարության առաջնահերթությունը։

«Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման:

Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ 2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Վարչապետը նշել է, որ ՀՀ յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական, զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով:

«Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:

Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան»,-ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---