Բայդենը մտադիր է լրացուցիչ զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա

Բայդենը մտադիր է լրացուցիչ զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է լրացուցիչ զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում՝ այդ տարածաշրջանում ներկայությունը հզորացնելու ՆԱՏՕ-ի երկրների ծրագրի շրջանակում։

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը կգործուղվեն Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան հատված «մոտ ապագայում»՝ նշելով միայն, որ դրանք մեծաքանակ չեն լինի, գրում է Deutsche Welle-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույն օրը հայտարարել է, որ զորքեր ուղարկելու վերաբերյալ հրաման չեն ստացել։ Ըստ նրա, նրանք «ծավալումը նախապատրաստելու» ռեժիմում են և պատրաստ կլինեն գործել, եթե ՆԱՏՕ-ն հրաման տա։

Նա խոսել է 8500 զինվորի մասին, որոնք բարձր պատրաստականության են բերվել հունվարի 24-ից։ Բայդենն այն ժամանակ ասել էր, որ դա նախազգուշական քայլ է և որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա։

Եվրոպայում սովորաբար տեղակայված են տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողներ, այդ թվում՝ մոտ 35,500 Գերմանիայում։

Ռուսաստանը պահանջել էր ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։

Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---