«Մածուն» գրությամբ հայկական մածունը Վրաստանով արտահանել չեն թողնի

«Մածուն» գրությամբ հայկական մածունը Վրաստանով արտահանել չեն թողնի

PanARMENIAN.Net - Հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնին» ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը Sputnik Արմենիային ասել է, որ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել կաթնամթերքի հայ արտադրողների համար։

«Վրաստանում «մացոնին» որպես աշխարհագրական նշում գրանցված է դեռևս 2012 թվականից, չնայած նրան, որ մեր գրասենյակը մինչ այդ առարկություն էր ներկայացրել դրա դեմ` հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Ներկայացված առարկությունը հաշվի չառնվեց, ու այնուամենայնիվ գրանցվեց։ Այժմ էլ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել կաթնամթերքի հայ արտադրողների համար` որպես տարանցիկ երկիր, մեր մածունը, հենց այդ մակնշմամբ, Վրաստանով արտահանելու համար»,– ասել է նա։

Նա նշել է՝ երբ Վրաստանով Հայաստանից արտահանվում է հայկական արտադրության մածունը, վրացական կողմի մաքսային ծառայության աշխատակիցներն ըստ օրենքի իրավունք ունեն այդ բեռները ստուգել։ «Մածուն» մակնշմամբ մածուն լինելու դեպքում նրանք կարող են կանգնեցնել ու թույլ չտալ մուտքն իրենց երկիր և դեպի այլ երկրներ։

Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով` արդեն իսկ վրացական կողմի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պայմանավորվածություն ունի` քննարկելու այս հարցը և համաձայնագիր կնքելու` աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման ու պահպանության մասին։ Համաձայնագրի դրույթները և 2 երկրում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ Նախատեսվում է հարցին իրավական լուծում տալ, համաձայնագիրն էլ կնքել 5 տարով։

«Մենք պետք է Վրաստանի հետ պայմանավորվենք, որ իրենց «մացոնին» կարող է մեր տարածք ներմուծվել, այսինքն խնդիր չենք ստեղծում իրենց համար, իսկ մեր «մածունը»` իրենց մոտ է արտահանվում ու իրենք էլ թույլ են տալիս վաճառել այն և՛ իրենց երկրում, և՛ որպես տարանցիկ երկիր արտահանել այլ պետություններ»,– նշել է Համբարյանը։

Նա ընդգծել է, որ մինչև անցած տարի Վրաստանը խնդիրներ չի ստեղծել, ամեն ինչ սկսվել է 2021 թվականից, քանի որ սկսել են ավելի հետևողական մոտենալ իրենց երկրում գրանցված բոլոր աշխարհագրական նշումներին։

Նման խնդիր կա նաև Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում։ 2021 թվականին ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո էր առաջարկել «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։ 2021-ի հունիսի 10-ի կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ստորագրված աջակցության համաձայնագիրը։ Այն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Այդ նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ-ը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---