ՌԴ ՊՆ․ Խերսոնը ռուսական ԶՈւ ամբողջական հսկողության տակ է

ՌԴ ՊՆ․ Խերսոնը ռուսական ԶՈւ ամբողջական հսկողության տակ է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Խերսոն քաղաքն անցել է ռուսական զորքերի ամբողջական վերահսկողության տակ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Քաղաքացիական ենթակառուցվածքները, քաղաքի կենսապահովման օբյեկտներն ու քաղաքային տրանսպորտն աշխատում են բնականոն ռեժիմով։ Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս քաղաքում չկա»,- հայտարարել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ շարունակվում են բանակցությունները քաղաքային իշխանությունների հետ՝ սոցիալական ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։

Կոնաշենկովը նաև խոսել է Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին՝ նշելով, որ շարքից հանվել է ռազմական ենթակառուցվածքի 1502 օբյեկտ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---