Մխիթարյանը հեռանում է ՀՀ ազգային հավաքականից

Մխիթարյանը հեռանում է ՀՀ ազգային հավաքականից

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հեռանում է ընտրանուց։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տվել է հավաքականին ամենը՝ ինչ կարող էր:

«Սիրելի ընկերներ, հիշում եմ՝ երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը, դա Պանամայի հետ ընկերական խաղում էր, և իմ առաջին գոլը աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Ցանկացել եմ հաղթել կարիերայիս յուրաքանչյուր փուլում, անկախ դժվարություններից։

Վերջին 15 տարիներին ինձ համար մեծ պատիվ էր իմ ազգային հավաքականում խաղալը և առավել ևս վերջին 6 տարիներին՝ ավագը լինելը:

95 միջազգային խաղից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականում իմ մրցելույթները:

Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ իմ մասնակցությամբ վերջին խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Հավաքականին տվել եմ ամենը՝ ինչ կարող էի»,-ասվում է գրառման մեջ:

Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնանալու է ակումբային կարիերայի վրա։

«Իմ ֆուտբոլային մեկնարկը Հայաստանում՝ իմ հայրենիքում է տրվել, և ես միշտ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, մարզել, ում հետ ես խաղացել եմ և յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայանալուն։ Հաջողություններ իմ հավաքականի՛ն։ Ընդմիշտ ձեր՝ Հենո», - գրել է Մխիթարյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---