10 մարտի 2022 - 19:16 AMT
Խաչատուրյան․ Ամեն ինչ պետք է անենք, որ օր առաջ պատերազմն ավարտվի, տնտեսական լրջագույն խնդիրներ կան

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում ՀՀ-ի դիրքորոշմանը, ասել է, որ այն կեցվածքը, այն հայտարարությունները, որոնք այսօր արվում են Հայաստանի իշխանությունների կողմից՝ ամենաճիշտն են։

Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անենք, որ օր առաջ պատերազմն ավարտվի, գրում է «Առավոտը»։

Ըստ նրա, տնտեսական առումով, այսօր լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ կան. «Կարող են անկանխատեսելի երևույթներ տեղի ունենալ, որովհետև ոչ մի լավագույն տնտեսագետ կամ տնտեսագիտական վերլուծություն չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել այդպիսի լուրջ սահմանափակումների մեջ»:

Վահագն Խաչատուրյանի խոսքով, պետք է պատրաստենք մեր ֆինանսական համակարգը, որպեսզի այն կարողանա սպասարկել մեր քաղաքացիներին և այն քաղաքացիներին, որոնք ժամանել են Հայաստան և ցանկանում են մեր երկրում տնտեսական գործունեություն կազմակերպել:

Նրա կանխատեսմամբ, այս խնդիրները կարող են տևել մինչև տարեվերջ: Նա հավելել է, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ խոսել է, որը հայտնել է՝ ամենօրյա ռեժիմով հետևում են միջազգային շուկաներում տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի կարողանան կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը: Վահագն Խաչատուրյանի խոսքով, ցորենի համաշխարհային գները 50 դոլարով բարձրացել են, նավթի գները նույնպես կարող են բարձրանալ, ինչը կրկին կհանգեցնի նոր գնաճի: Ըստ նրա շատ հարցեր փոխկապակցված են և հիմա ՀՀ կառավարությունը փորձում է «կծիկը բացել»:

Նա վստահեցրել է, որ պետության կողմից ամեն ինչ արվում է՝ բիզնես շրջանակներին և սոցիալապես անապահով խավին աջակցելու նպատակով. «Ի վերջո այս ամենը կարող է բերել նրան, որ մեր բյուջեում տեղի ունենա եկամուտների նվազում, ինչի պարագայում կառավարությունը պետք է ֆինանսական ծրագրերի սցենարը փոխի»:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։