Արցախում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը 0 է, և արդեն հինգերորդ օրն է, ինչ մոտ 100,000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված է գազամատակարարումից, այդ թվում՝ ջեռուցումից ու տաք ջրից: Այդ մասին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է Տելեգրամի իր ալիքում։
«Եվ բոլոր այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն:
Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,-գրել է նա:
Բեգլարյանը նշել է նաև, որ դրան զուգահեռ, շարունակվում են կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար։
«Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, բայց մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»:
Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։
Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։