21 մարտի 2022 - 12:03 AMT
ՄԻՊ․ Ադրբեջանցիների նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության տակ են Ներքին Հանդի գերեզմանատունը, եկեղեցին, արոտավայրերը

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացու վարելահողերը և այգիները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` ներկայացնելով փաստահավաք աշխատանքային խմբի այցի արդյունքները։

Արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։

Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։

Նշվում է, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը:

Նշվում է նաև, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար լրջագույն դժվարություններ են առաջացել իրենց ապրուստը հոգալու համար։

«Թեպետ գյուղում չկար խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են եղել ստեղծված իրավիճակի հետ կապված:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են կառավարությանը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջանում։ Ըստ գյուղի բնակչի՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք` գյուղի նախկին սահմանային դիրքի և գյուղի գերեզմանատան հատվածում` 800-1000 մետրով։ ՊՆ-ն հերքել էր այդ լուրը՝ հայտարարելով, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են։