ՀՅԴ․ ՌԴ խաղաղապահներից պահանջում ենք ապահովել խաղաղության պահպանումը

ՀՅԴ․ ՌԴ խաղաղապահներից պահանջում ենք ապահովել խաղաղության պահպանումը

PanARMENIAN.Net - Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոն, անդրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարություն է տարածել՝ Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջելով ապահովել «թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը»։

«Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում`ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանն սկսվեց 2020-ի 44-օրյա պատերազմով:

Միաժամանակ, վերջին ամիսներին նկատելի էին 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը խոչընդոտող գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը:

Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը:

Առ այդ, անհրաժեշտ է.

ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով` չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։

բ) Ադրբեջանի և Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով` քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։

Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը»,-ասվում է հայտարարության մեջ։ ։

Նշվում է նաև, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կանգնած է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողքին և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատվության իրականացման գործում:

«Ադրբեջան-Թուրքիա դաշինքի այս հակահայ քաղաքականությունը չի կարող մնալ առանց արձագանքի. այս քաղաքականության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ երկու պետությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---