Սիմոնյան․ ՀՀ և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հրվ. Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է

Սիմոնյան․ ՀՀ և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հրվ. Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին և 44-օրյա պատերազմի հետևանքներին, ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է։

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը:

Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

Սիմոնյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Նա հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաև Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում և Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարևորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջև հարաբերությունների կարևոր ուղղություններից:

Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձևաչափերի շուրջ ևս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն:

Գործընկերները մտքեր են փոխանակել նաև Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները:

Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է հանդիպում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---