Պետդեպ․ Բլինքենն Ալիևի և Փաշինյանի հետ զրույցներում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

Պետդեպ․ Բլինքենն Ալիևի և Փաշինյանի հետ զրույցներում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կարևորելով լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։ Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, Ալիևի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «զսպվածության, դեէսկալացիայի և դիվանագիտական ջանքերի վերսկսման կոչ է արել», Փաշինյանի հետ զրույցում` «ընդգծել է, որ հիմա տարածաշրջանում հետագա սրացման ժամանակը չէ»։

ԱՄՆ պետքարտուղարն «աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին»՝ այդ թվում ապրիլի 6-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ գաղափարակից գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Վաշինգտոնը կարող է աջակցել «տևական և համապարփակ խաղաղության հաստատմանը»։

Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, Փաշինյանը և Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---