Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը արդարացվել են «Մարտի 1-ի» գործով

Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը արդարացվել են «Մարտի 1-ի» գործով

PanARMENIAN.Net - «Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտված ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և սկանդինավյան երկրներում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը ևս արդարացվել են, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վճռաբեկ դատարանը, դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բեկանել է Միքայելյանի վերաբերյալ 2009-ին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչել և հռչակել է Միքայելյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, իսկ զենք պահելու դրվագով Վճռաբեկն անփոփոխ է թողել ստորադաս ատյանների վճիռները:

Վճռաբեկը բավարարել է նաև Ալեքսանդր Արզումանյանի վճռի բեկանման վերաբերյալ բողոքը՝ ճանաչելով և հռչակելով Արզումանյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Վճռաբեկ դատարանն արդարացրել է նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Տիգրան Բաղդասարյանին։

Մինչ այդ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է նաև «Մարտի 1-«ի իրադարձությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը։ Դատարանը ճանաչել ու հռչակել է Նիկոլ Փաշինյանի անմեղությունը։

Սասուն Միքայելյանը 2008թ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործով մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգությունների և ապօրինի զենք պահելու հատկանիշներով՝ դատապարտվելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով, 2011թ Միքայելյանը համաներմամբ ազատ է արձակվել։ 2009թ. հունիսի 22-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանը Ալեքսանդր Արզումանյանին մեղավոր էր ճանաչել` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, նրան դատապարտելով հինգ տարվա ազատազրկման: Արզումանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել և ազատ արձակվել: Վճիռների վերանայման հիմք է հանդիսացել ՄԻԵԴ վճիռները, որով արձանագրվել էր վերջիններիս իրավունքների խախտումը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---