Միրզոյանը ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ կարգավորման հարցում

Միրզոյանը ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։

ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---