Վարչապետ․ ՀՀ-ն երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել՝ ԼՂ հարցն իրավունքի հարց է

Վարչապետ․ ՀՀ-ն երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել՝ ԼՂ  հարցն իրավունքի հարց է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմագարի հարցին, հաստատել է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, «մանավանդ որ, դե յուրե, Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992-ին՝ ԱՊՀ ձևավորման մասին համաձայնագիրը վավերացնելով»։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է։

«Հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը», - ասել է նա՝ հավելելով, որ օրակարգի այս լրացմամբ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին ու այս դիրքորոշումն արձանագրվել է Բրյուսելում։

Փաշինյանը կարևորել է մի «շատ էական նրբություն»:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը, այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները», - ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե ՀՀ-ն Արցախից ձեռքերը լվացել է, մինչդեռ Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա։ Նա նշել է, որ 2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի ավարտը կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022-ի բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել։

Փաշինյանը նաև ասել է, որ հարցազրույցներից մեկում ասել է՝ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանքներ վերագրեն, ապա պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ և նկատել, որ խոստովանում է այդտեղ իր մեղավորությունը:

«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», - նշել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---