Արա Այվազյան․ ՀՀ դիրքորոշումից է կախված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի

Արա Այվազյան․ ՀՀ դիրքորոշումից է կախված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի

PanARMENIAN.Net - Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որն այցելել էր Ազատության հրապարակ և զրուցել պայքարի մեկնարկ հայտարարած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ասել է, որ Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում։

Այվազյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում՝ շատ ավելի լայն առանցքում, քան Հայաստան-Ադրբեջանն է, գրում է Aysor.am-ը։

«Սա շատ ավելի լուրջ է, և կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,- ասել է նա։

Այվազյանը նաև պատասխանել է հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հորդորներ եղե՞լ են, որոնց մասին հիշատակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է մի քանի հայտարարություն՝ դեկտեմբերի 3-ին և ապիրիլի 13-ին, և դրանցում այն շեշտադրումները, որոնք նրանք արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»,- ասել է նախկին արտգործնախարարը։

Արցախի կարգավիճակի վերաբերյալ գործող իշխանությունների մյուս հայտարարությունների առնչությամբ Արա Այվազյանն ասել է, որ չի կարող մեկնաբանել այսօրվա իշխանություններին։

«Ես արդեն մեկ տարի է, որ թողել եմ իմ պաշտոնը։ Իմ պաշտոնավարման ժամանակ մեր հռետորաբանությունը և թիրախավորումը այլ է եղել։ Այս մեկ տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել՝ չեմ կարող ասել, բայց եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը։ Երբ տեսնում ենք՝ ինչ է կատարվում մեր շուրջբոլորը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որը բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են»,- հավելեց նա։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց Ադրբեջանի առաջադրած 5 պահանջին՝ Այվազյանն ընդգծել է՝ Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Իսկ ինչո՞ւ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը։

«Ես վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք նույնիսկ այս ծանր իրավիճակում, եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, ոչ թե պարտվածի հոգեբանությամբ շարժվենք, կարող ենք նվազագույնն ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք նախկին գործընկերներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք շատ մեծ փորձ ունեն։ Ինձ նկատի չունեմ։ Եվ կարծում եմ, որ հիմա մենք պետք է իսկապես ի մի բերենք մեր ամբողջ ազգային և պետական ներուժը»,- ասել է նախկին արտգործնախարարը։

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, ով հրաժարական էր ներկայացրել 2021 թվականի մայիսի 27-ին՝ զորքերի հայելային հետքաշման մասին առաջին խոսակցությունից հետո։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---