Փաշինյան-Կլաար հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո ԼՂ խնդրի կարգավորման կարիքը

Փաշինյան-Կլաար հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո ԼՂ խնդրի կարգավորման կարիքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ապրիլի 22-ի հանդիպմանը Երևանում երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ:

Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը, կարևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:

Կլաարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականների համար և վերահաստատել ՀՀ հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը:

Հանդիպմանը քննարկվել է ԱլԳ ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Ծրագրերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ կատարած իր պաշտոնական այցին, ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն: Փաշինյանն ընդգծել է, որ չնայած այն դժվարություններին, որ առաջացել են համանախագահների շրջանում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների պատճառով, համանախագահող բոլոր երկրները հավատարիմ եմ մնում իրենց մանդատին։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել է, որ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019-ին։ Նա ասել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժացնելուն»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---