Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը կարեւոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին` նախագահն ընդգծել է նրա Հայաստան այցի երկու կարեւոր առանձնահատկություն` նախ որոշակիորեն կոնկրետացվել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը, ապա` այցը տեղի է ունենում Հայաստանի նախագահի` Իրան պաշտոնական այցի նախաշեմին եւ հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս խոսել երկկողմ փոխգործակցության ընդլայնման մասին:

Նախարար Համիդ Բեհբահանին Հայաստանի ղեկավարին հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները եւ ասել, որ Իրանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Իրանը շատ մոտ հարեւաններ ու բարեկամներ են: Ըստ Սերժ Սարգսյանի, այդ բարեկամությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է հատկապես դժվարին ժամանակներում։ Նախարար Բեհբահանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի նախագահի առաջիկա այցը Իրան նոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար: Հայ գործընկերների հետ հանդիպումները գնահատելով օգտակար եւ արդյունավետ, նա ասել է, որ բոլոր ոլորտներում նկատել է լուրջ հարաբերություններ ձեւավորելու պատրաստակամություն:

Հանրապետության նախագահը կարեւորել է երկու երկրների շփման հնարավորությունների ընդլայնումը, հեռանկարային ծրագրերի իրականացումը` այդ շարքում հատկապես մեծ նշանակություն տալով Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթուղային գծի կառուցմանը, որը էական նշանակություն կունենա ողջ տարածաշրջանի համար: Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարարն ասել է, որ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Նախաստորագրվել է նաեւ երկաթգծի կառուցման մասին փոխընբռնման հուշագիրը, որը վերջնականապես կստորագրվի Նախագահ Սարգսյանի Իրանի պաշտոնական այցի ընթացքում: Զրուցակիցները խոսել են նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը խթանելու, համագործակցությունն ավելի դյուրին դարձնելու մասին, հաղորդում է նախագահի մամալո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---