Բայրամով․ Հայաստանի 6 կետը դժվար է առաջարկ անվանել

Բայրամով․ Հայաստանի 6 կետը դժվար է առաջարկ անվանել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղ պայմանագրի 5 հիմնարար կետ և անդրադառնալով Հայաստանի 6 առաջարկի մասին հաղորդագրություններին, ասել է, որ Հայաստանի առաջարկած փաստաթուղթը ոչ մի կերպ չի կարելի «առաջարկություններ» անվանել, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

«Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել այդ 6 կետից մի քանիսը և կարող եք եզրակացնել, թե որքանով դրանք կարելի է առաջարկություն համարել»,-ասել է Բայրամովը։

Նա հայտնել է, որ, օրինակ, կետերից մեկում նշվում է, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ին փետրվարի 21-ի բազային առաջարկությունները ներկայացրել է մարտին։

«Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ բազային առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Այդ մասին հարկավոր է հարցնել միջնորդներին։ Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, նշանակում է՝ հենց այդ օրն էլ ներկայացրել է։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի Ադրբեջանից։ Եվ որ դեռևս 1992-ին, երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ առումով Ադրբեջանի առաջարկի կրկնությունն է»,-ասել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ հաջորդ կետով կրաևորվում է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կարևորությունը։

«Սա ևս հարց չի առաջացնում։ Կան փաստաթղթեր և, բնականաբար, դրանք պետք է կատարվեն։ Մյուս կետն այն է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների և դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցությունների կազմակերպման համար։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՄԽ համանախագահների միջև ոչ մի կապ չկա, և կարելի է ասել, որ այդ խումբը կաթվածահար է։ Ես թվարկեցի այդ 6 կետից 4-ը։ Հիմա ինքներդ եզրակացրեք՝ որքանո՞վ դրանք կարելի է առաջարկներ համարել։ Հայկական կողմը ևս դրանք առաջարկներ չի անվանել, այլ արձագանք՝ Ադրբեջանի առաջարկներին։

Դուք գիտեք Ադրբեջանի դիրքորոշումը։ Հրապարակվել են դրա հիմքը կազմող սկզբունքները։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում շարունակելու բանակցություններն այդ հիմնարար սկզբունքների հիման վրա և աշխատել խաղաղ պայմանագրի վրա»։

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն իր հերթին ասել է, որ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններն անցկացվելու են Ադրբեջանի առաջարկների հիման վրա, գրում է ԱՊԱ-ն։

Նա հավելել է, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանը եկել է եզրակացության, որ «հայկական կողմը համաձայնվել է խաղաղ պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել»։

Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, հայտարարել էր, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։ Նա, սակայն, չէր հրապարակել կետերի բովանդակությունը և նշել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---