Ավինյան․ «Աջափնյակից» բացի մետրոյի ևս մեկ միջանկյալ կայարան է նախատեսվում «Փեթակի» մոտ

Ավինյան․ «Աջափնյակից» բացի մետրոյի ևս մեկ միջանկյալ կայարան է նախատեսվում «Փեթակի» մոտ

PanARMENIAN.Net - Նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Աջափնյակից» բացի ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում է նախատեսվում «Փեթակի» մոտ։

«Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսի ձեռքբերումը։

Այս ծրագրերն էապես վերափոխելու են Երևանի ամբողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։

ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։

Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ֆինանսավորումը հաստատվել է կառավարության մողմից։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---