Փաշինյան․ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ՀՀ դեմ և փորձում է դրա ըմբռնում ձևավորել ՌԴ-ում և Արևմուտքում

Փաշինյան․ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ՀՀ դեմ և փորձում է դրա ըմբռնում ձևավորել ՌԴ-ում և Արևմուտքում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում, «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում պատասխանելով ներկաներից մեկի հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրոռուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում: Երբեմն ասում են, որ Հայաստանում Արևմուտքի կողմից գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ դրա նպատակն է ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ըմբռնում ձևավորել թե՛ Արևմուտքում, թե Ռուսաստանում: Նրա խոսքով՝ չեն կարող ասել, որ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ չկան:

«Օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ կան, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ և ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Մյուս կողմից Հայաստանի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետև Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,- մանրամասնել է Փաշինյանը: Անդրադառնալով հարցում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը փորձում է բազմակողմ քաղաքականություն իրականացնել՝ վարչապետն ընդգծել է, որ դրան կարող է ավելացնել, որ Հայաստանի դեմ էլ են փորձում բազմակողմ քաղաքականություն իրականացնել:

«Եվ մենք ոչ միայն պիտի իրականացնենք բազմակող քաղաքականություն, այլ պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս մեր դեմ տարվող բազմակողմ քաղաքականության հետևանքով»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, իսկ կառավարության շարժառիթը Հայաստանի ազգային շահերն են: Նա շեշտել է, որ կարևորում են բոլոր հարաբերությունները, սակայն շատ կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չլինեն:

«Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են, սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»,- եզրափակել է Փաշինյանը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---