Փաշինյան․ Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիներին ազատ արձակել, բայց դա տեղի չունեցավ

Փաշինյան․ Ադրբեջանի ղեկավարը ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ գերիներին ազատ արձակել, բայց դա տեղի չունեցավ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում, «Հայաստանը և Նիդերլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո պատասխանելով ներկաների հարցերին, ասել է, որ Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա, տեղեկացնում է Արմենպրեսը։

Փաշինյանը հավելել է, որ վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել:

«Ցավոք, ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ է, որը դատապարտելի է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է՝ երբ գերիների թեման արծարծվեց, Ադրբեջանը փորձեց դա դարձնել առևտրի առարկա՝ հայկական կողմի ունեցած ականապատ դաշտերի քարտեզներ հետ փոխանակելու համար:

«Եվ մենք, երբ տեսանք, որ փորձ է արվում մարդկանց փոխանակել քարտեզների հետ, քաղաքական որոշում կայացրինք, որ մեր արժեքների տրամաբանությունից դուրս է առևտուր անելը: Ադրբեջանը պնդում էր, որ պատերազմի ժամանակ մնացած ականապատ դաշտերի վրա ամեն օր մարդիկ են զոհվում, թիվ էր հրապարկում, և ես անձամբ քաղաքական որոշում կայացրեցի, որ այդ առևտուրը պետք է տեղի չունենա, և մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը շեշտել է՝ հայկական կողմը դա արել է՝ ցույց տալու խաղաղության օրակարգի մեջ իր անկեղծությունը, իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին:

«Մինչև օրս մեր առնվազն 38 գերեվարված անձ շարունակում է մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը: Իմիջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»,-ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը կարևորել է, որ միջազգային հանրությունը այս իրավիճակի մասին իմանա: Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել հորդորներն Ադրբեջանին, որ մարդկանց քաղաքական առևտրի առարկա պետք չէ դարձնել:

«Պատերազմը շատերին է ողբերգություն բերել, բայց այդ բաց վերքի վրա անընդհատ աղ լցնելու մոտեցումը չեմ կարծում, թե տեղավորվում է այն արժեհամակարգի մեջ, որը հատուկ է 21-րդ դարին»,-նշել է վարչապետը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---