Չալաբյան․ Որևէ քաղճնշում չի կարող շեղել ինձ երկրի ու պետականության համար պայքարից

Չալաբյան․ Որևէ քաղճնշում չի կարող շեղել ինձ երկրի ու պետականության համար պայքարից

PanARMENIAN.Net - «Արար» հիմնադրամի համահիմնադի Ավետիք Չալաբյանը կոչով հանդես է եկել կալանավայրից՝ նշելով, որ քաղաքական որևէ ճնշում չի կարող շեղել իրեն երկրի ու պետականության համար մղվող պայքարից։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար:

«Շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին:

Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմնված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից:

Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհները ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը:

Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև` կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Չալաբյանը կալանավորվել է 2 ամսով։

Մայիսի 9-ին լրատվականներից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ընթերցեք նաև․ «Արար» հիմնադրամի հորդորն իշխանություններին՝ անհապաղ ազատել Ավետիք Չալաբյանին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---