ՀՀ ԱԳՆ-ն` Ալիևին․ Կոչ ենք անում ռազմատենչ հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում քննարկումները

ՀՀ ԱԳՆ-ն` Ալիևին․ Կոչ ենք անում ռազմատենչ հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում քննարկումները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ի հայտարարություններին, կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։

Ալիևը հայտարարել է, որ սահմանազատումը «ինքնաբերաբար վերջ կդնի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին ՀՀ-ում ռևանշիստական ուժերի կողմից»: «Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը:

Նշվում է, որ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։

«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ամբողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։

Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։

Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---