Միրզոյան․ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը

Միրզոյան․ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա» և պատասխանելով Արմենպրեսի հարցերին, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը։

Ալիևը հայտարարել է նաև, թե սահմանազատումը «ինքնաբերաբար վերջ կդնի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին: «Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը:

«Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ընդգծվել է նաև ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում:

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի և, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է:

Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, և կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով»,-ասել է Միրզոյանը:

Արմենպրեսի երկրորդ հարցը հետևյալն է՝ Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:

«Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---