Միրզոյան․ Թուրքական կողմից ակնկալում ենք քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն

Միրզոյան․ Թուրքական կողմից ակնկալում ենք քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին հարցազրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է՝ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։

Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից»,-ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ, չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ Մյուս երկու հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում։ Վերջին հանդիպումից հետո կողմերը վերահաստատել են, որ գործընթացի նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորումն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---